19 նոյեմբերի 2013 - 17:42 AMT
Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ. ևս մեկը նախատեսվում է առաջիկա ամիսներին

Վիեննայում այսօր` նոյեմբերի 19-ին, Քոբուրգ պալատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն էր, որը սկսվել է առանձնազրույցով, ապա նրանց են միացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները:

Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ, համանախագահների հաղորդագրությունն է փոխանցում նախագահ Սարգսյանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Ազատություն» ռադիոկայանի՝ «ինչպես անցան բանակցությունները» հարցին ՀՀ նախագահը պատասխանել է՝ «նորմալ»:

Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե հանդիպմանը հայկական կողմը պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու թեզը:

Նախագահները Վիեննա են ժամանել երկու երկրների արտգործնախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄն), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Սա 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո Սարգսյան-Ալիև առաջին հանդիպումն էր: