20 նոյեմբերի 2013 - 15:05 AMT
Միխայիլ Ալեքսանդրով. Հանդիպումը Վիեննայում կարևոր նշանակություն ուներ

Չնայած, որ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը Վիեննայումզգալի արդյունքներ չարձանագրվեցին (լուրջ վերլուծաբանները նման արդյունքներ չէին էլ ակնկալում), այն կարևոր նշանակություն ուներ: Հանդիպումն անցնում էր զգալի ընդմիջումից հետո: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը: Նա հիշեցրել է, որ վերջին հանդիպումը Կազանում էր, որտեղ Ադրբեջանը հրաժարվեց ընդունել Մինսկի խմբի պայմանները:

«Դրան հաջորդեց լարվածության աճը ԼՂՀ և Հայաստանի հետ սահմանին: Լարվածությունը պահպանվում էր մինչև վերջին րոպեն: Ուստի հանդիպումը կարևոր է որպես նախագահների մակարդակով երկխոսության վերսկսման նշան: Իսկ այդպիսի վերսկսումը պետք է նպաստի լարվածության թուլացմանը սահմանին, քանի որ Ադրբեջանի նախագահը ստիպված կլինի հաշվի առնել, որ շուտով նման հանդիպում է լինելու, իսկ լարվածության աճը կդժվարացնի այդպիսի երկխոսությունը»,-ասել է նա:

Ռուս փորձագետը նշել է նաև, որ հանդիպումների վերսկսումը շատ կարևոր է, քանի որ երկու երկրների հասարակություններին ցույց է տալիս լարվածության աճի ու պատերազմի վերսկսման այլընտրանք: Դա հանդարտեցնող ազդեցություն է ունենում հայերի ու ադրբեջանցիների վրա: «Հատկապես դա կարևոր է Ադրբեջանի համար, որտեղ ռազմաշունչ հռետորաբանությունը առօրյա կյանքի մաս է դարձել: Նույնիսկ եթե այն պահպանվի, երկխոսության վերսկսման պարագայում չի ունենա նախկին ապակայունացնող արդյունքը:

Եվ երրորդը: Երկխոսության վերսկսումը հնարավորություն է բացում փոխզիջման համար: Անշուշտ, դա մոտ ապագայի գործ չէ, սակայն հեռանկարում նման տարբերակը չի բացառվում: Եվ կարևոր է, որ այն պահպանվի Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքական վերնախավի ուղեղներում», ասել է Ալեքսանդրովը:

Ինչ վերաբերում է Կիևում հնարավոր հանդիպմանն, ապա փորձագետը նշել է, որ հազիվ թե այնտեղ բեկում լինի: «Սակայն այժմ ամենակարևոր հարցը սահմանին լարվածության նվազեցումն է, հակամարտության լարվածության նվազեցումը: Խոսքը պետք է գնա գնդակոծությունների դադարեցման, վստահության միջոցների բարձրացման, դիտորդների ակտիվացման մասին: Ահա այս հարցերում պայմանավորվածությունները հնարավոր են»,-ասել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ: