Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը գտնում է, որ 2014 թվականին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելուց հետո իրավիճակն այդ երկրում կվատթարանա՝ սպառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների, և մասնավորապես Ռուսաստանի, անվտանգությանը:
«Այն ամենն, ինչ մենք այսօր ձեռնարկում ենք Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կապված է Աֆղանստանում իրավիճակի վատթարացման կանխատեսումների հետ»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ելույթ ունենալով Ռուսաստանի Միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության հանրային խորհրդի նիստում:
Նա մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ կազմակերպությունը պատրաստում է քաղաքական, նաև ռազմական միջոցներ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուն ընդառաջ, դիտարկելով զարգացումների սցենարները:
Ըստ Բորդյուժայի, իրավիճակն Աֆղանստանում չի բարելավվում: «Մեզ համար ամենաահավորն այն զինյալ գրոհայիններն են, որոնք իրենց ժամին են սպասում Աֆղանստանի տարածքում»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ դիտարկում է իրավիճակը, զեկույցներ է նախապատրաստում պետությունների ղեկավարների համար, «առաջարկություններ է մշակում, որոնք հետո հիմք են հանդիսանում որոշումների կայացման համար»: Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, նախապատրաստվում են Աֆղանստանի ուժային կառույցների աշխատակիցներ:
Ըստ նրա, ամրապնդվում է նաև ՀԱՊԿ ուժային պոտենցիալը՝ երկկողմ խմբավորումները, արագ արձագանքման հավաքական ուժերը, որոնք առաջիկայում կվերազինվեն: Ըստ Բորդյուժայի, ՀԱՊԿ դիտարկում է իրադարձությունների զարգացման կոնկրետ սցենարներ, որոնք սակայն նա չի մանրամասնել, գրում է ВВС-ին:
Հոկտեմբերի 11-ին Քերին ու Քարզայը քննարկել են անվտանգության մասին համատեղ պայմանագիրը, որը պետք է մինչև տարեվերջ համաձայնեցվի: ԱՄՆ ռազմական ուժերը պայմանավորվածության դեպքում կարող են Աֆղանստանի տարածքում մնալու իրավունք ստանալ նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական առաքելության ավարտից հետո, որի ժամկետը սպառվում է հաջորդ տարի:
ԱՄՆ-ն հուսով է, որ համաձայնագիրը կստորագրվի արդեն ամսվա վերջում, սակայն բանակցությունները փակուղի մտան: Պատճառներից մեկն այն էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր էին ստանձնել հակաահաբեկչական գործողություններն Աֆղանստանի տարածքում, ինչը մտահոգում է պաշտոնական Քաբուլին:
Մինչ այդ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատեց ՆԱՏՕ-ին՝ մեղադրելով վերջինիս հրամանատարությանը ռազմական գործողությունների 10 տարում իր երկրի կայունությունն ապահովելու անկարողության մեջ:
«Անվտանգության տեսակետից ՆԱՏՕ-ի գործողությունն Աֆղանստանին հսկայական տառապանքներ բերեց, բազում կյանքեր խլեց և ոչ մի արդյունք չտվեց, քանի որ երկիրը նախկինի պես անվտանգ չէ»,-հայտարարել է նա: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սխալ գործեց՝ բոլոր ջանքերը կենտրոնացնելով աֆղանական գյուղերում գրոհայինների որոնումների վրա և անտեսելով թալիբների ապաստանները Պակիստանում: Համիդ Քարզայը ևս վեց ամիս կմնա նախագահի պաշտոնում, որից հետո կընտրվի նրա հետնորդը: