21 նոյեմբերի 2013 - 13:48 AMT
Քաղաքագետ. Ղարաբաղյան թեմայի քննարկումը Պուտինի ու Էրդողանի կողմից անխուսափելի է

Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների հիմնական առարկան, հավանաբար, կլինի Ռուսաստանի ու Թուրքիայի սոցիալ-տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև խորհրդակցությունները միջազգային խնդիրների, առաջին հերթին, Իրանի ու Սիրիայի հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վիտալի Ժուրավլյովը:

Ըստ նրա, ղարաբաղյան թեմայի քննարկումը ոչ միայն հնարավոր է, այլ նաև անխուսափելի: «Այլ հարց է, թե որքանով այն կառուցողական կլինի, հաշվի առնելով, որ դժվար է կրեատիվ գաղափարներ ակնկալել հակամարտության կողմերի կայուն ու փոխադարձաբար անընդունելի դիրքորոշումների պայմաններում: Ղարաբաղի թեման կշոշափվի բանակցություններում, սակայն ոչ որպես հիմնական, իսկ Շվեյցարիայի միջնորդության գաղափարն այնքան էլ հասկանլի չէ: Այդ պետությունն ինքը լուրջ քաղաքական կշիռ չունի, ազդեցության մեխանիզմներ չունի ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի վրա: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է Շվեյցարիան ազդի հակամարտող կողմերի վրա: Միայն հռետորաբանությա՞մբ: Անշուշտ, նա կարող է ստանձնել մեդիատորի դեր, բանակցային հարթակ տրամադրելով, այսինքն իրականացնել փորձագիտական գործառույթներ: Բայց հետո՞: Հաշվի առնելով բանակցային գործընթացի հզոր մեխանիզմը Մինսկի խմբի բազայի վրա, շատ կասկածելի է, որ Բեռնը կարողանա իրական առաջարկություններ ձևակերպել կարգավորման վերաբերյալ: Ինքնին հետաքրքիր է շվեյցարական համադաշնության մոդելը, սակայն այդ փորձի կիրառումը Լեռնային Ղարաբաղի դեպքում ուտոպիա է՝ հաշվի առնելով, որ քննարկվող հակամարտությունը միաժամանակ ազգամիջյան է ու տարածքային, ինչպես նաև առկա է կրոնական գործոնը: Եվ հետո ակնհայտ չէ, որ շվեյցարական մոդելը սկզբունքորեն լավագույնն է, քանի որ Շվեյցարիայի պարագայում կարևոր է արտաքին շրջապատը, որը մեծապես ապահովում է երկրի ֆորմալ քաղաքական կայունությունը: Ըստ իս, Ղարաբաղի թեման կշոշափվի բանակցություններում, սակայն հիմնականը չի լինի, իսկ Շվեյցարիայի միջնորդության գաղափարն անարդյունավետ է թվում»,-ասել է նա, հայտնել է «Նովոստի-Ազերբայջանը»:

Photo: topwar.ru