21 նոյեմբերի 2013 - 17:38 AMT
Ավստրալացի խորհրդարանականները դեմ են հանդես եկել Ցեղասպանությունը ժխտող պրոֆեսորին

Ազատական կուսակցության ներկայացուցիչներ Ջոն Ալեքսանդերը և Միշել Ռոուդը դեմ են հանդես եկել Ավստրալիայի դաշնային խորհրդարանում պրոֆեսոր Ջասթին Մաքքարթիի այցին, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մերժողական կեցվածքով:

Նոյեմբերի 21-ին Մաքքարթին հանդես է եկել խորհրդարանի պալատում երկու-երեք քաղաքական գործիչների առջև: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia) նամակ է հղել պատգամավորներին և սենատորներն պրոֆեսորի ժխտողական հայացքների մասին: Մաքքարթիի ելույթին ներկա քաղաքական գործիչների թվում էին Լաուրա Ֆերգյուսոնն ու Մեհմեդ Թիլեմը, որոնք էլ կազմակերպել են այդ միջոցառումը:

Նույն օրը պատգամավորներ Ալեքսանդերն ու Ռոուլանդը նամակ են հղել խորհրդարան՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին պատմական իրողությունը:

«Ռեվիզիոնիստ Մաքքարթին օգտագործում է խորհրդարանական ամբիոնը իր նպատակներն առաջ մղելու համար, այն է՝ մերժելու համար հայերի, ասորիների ու հույների սիստեմատիկ ոչնչացումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.: Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիան գտնում է, որ Մաքքարթին վարկաբեկել է իրեն: Ցեղասպանության ժխտումը հարված է բոլոր նրանց, ով վերապրել է, ինչպես նաև նրանց հարազատներին»,-ասել է Ալեքսանդերը:

Իր հերթին Միշել Ռոուլանդը նշել է. «Իմ տեսակետը լավ հայտնի է, ես հարգում եմ անցյալը, ինչպես հարգում է այն Նոր Հարավային Ուելսի նահանգը մեր կուսակցությունը ներկայացնող նախարար Գլեդիս Բերեկչյանի հետ միասին»:

ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը, ողջունելով պատգամավորների ելույթները, նշել է, որ Մաքքարթիի հայացքները չեն կարող ընդունելի լինել ավստրալացի գիտնականների համար: Ցեղասպանության ժխտումը վերջին ակտն է զոհերի ու հաջորդ սերունդների համար: Մենք չենք կարող դավաճանել ողբերգության զոհերի հիշատակը»,-ասել է նա:

Ջասթին Մաքքարթին Հայոց ցեղասպանության մերժողականությամբ հայտնի ամենահետևողական պատմաբաններից է, որը մերժելով Ցեղասպանությունը, ներմուծեց «բնակչության փոխանակում» եզրույթը: Ըստ նրա 1912-1923 թթ. հայերը դարձան «բնակչության փոխանակման» ընդհանուր քաղաքականության մասը: Քննադատները նշում են, որ Մաքքարթիի հայկական հարցի մեկնաբանությունները շատ վիճահարույց են : Ըստ քննադատների, նա նկարագրում է «մահմեդական և հայ բնակչության փոխանակումը», ելնելով այն սխալ դրույթից, որ հայերն այն ժամանակ ունեին սեփական պետությունը, որի հետ էլ կատարվում էր փոխանակումը և ներկայացնում է երիտթուրքերի կառավարությունը որպես հայերի ոչնչացմանը մասնակցած անհաղթահարելի պատմական ուժի դրդմամբ: