11 ապրիլի 2006 - 17:47 AMT
ԵԽԽՎ անդամներին բաժանել են «Ղարաբաղի մասին իրական փաստերի շարք» գրքի օրինակներ
Ապրիլի 11-ին Ստրասբուրգում` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում, Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւայի նախաձեռնությամբ, բաժանել են «Ղարաբաղի մասին իրական փաստերի շարք» գրքի օրինակներ: Գրքերը բաժանվել են ինչպես ԵԽ խորհրդարանական պատվիրակությունների անդամներին, այնպես էլ մամուլի ներկայացուցիչներին: Փաշաեւայի խոսքերով, այդ քայլով ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամները ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում են պահում «Հայաստանի կողմից Ադբեջանի տարածքների օկուպացիայի փաստը»:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կողմից բաժանվող գիրքը ընդամենը անգլերեն լեզվով
միջին չափի բգրոշյուր է` նկարներով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է ԵԽԽՎ նիստերին հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերի համաձայն, բրոշյուրում կտրտված փաստեր են հավաքված, Հայաստանի` որպես ագրեսորի հասցեին հնչող մեղադրանքների հետ մեկ տեղ: «Այնտեղ խոսվում է հայ ահաբեկիչների, օկուպանտների մասին. ոչ մի նոր բան, այդ ամենի մասին բազմաթիվ անգամներ ասվել է ադրբեջանցիների կողմից ԵԽԽՎ-ում»,- նշեց Տիգրան Թորոսյանը: