23 նոյեմբերի 2013 - 11:01 AMT
Ժնևում են «վեցնյակի» ԱԳՆ ղեկավարները

Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները, հետևելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի օրինակին, հայտարարել են Ժնև ժամանելու մտադրության մասին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկմանը մասնակցելու նպատակով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտնել է իր մտադրության մասին Twitter-ում: Ֆրանսիայի արտագործնախարար Լորան Ֆաբիուսի Ժնև ժամանելու մտադրության մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Միջազգայն միջնորդների «վեցնյակի» բանակցությունների հերաթական փուլն Իրանի հետ մեկնարկեց Ժնևում նոյեմբերի 20-ին: Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել:

Բանակցությունների ետնաբեմում շատ են խոսակցություններն այն մասին, թե ԱԽ 5 մշտական անդամների ու Գերմանիայի ԱԳ նախարարները «նստած են ճամպրուկների» վրա և ցանկացած պահի պատրաստ են մեկնել Ժնև: Դա վկայում է այն մասին, որ համաձայնագիրը շուտով կարող է կնքվել:

Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: