23 նոյեմբերի 2013 - 10:53 AMT
ԱՄՆ-ն Հայաստանի Որոտանի ՀԷԿ-ի վերակառուցմանը 180 մլն դոլար է հատկացրել

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է տնտեսական երկխոսությունն ԱՄՆ ու Հայաստանի միջև, առաջին հերթին՝ երկկողմ առևտրի և ներդրումների շուրջ շահառուների և նվիրատուների միջև քննարկումը:

ԱՄՆ-ն Հայաստանին և Contour Global ընկերությանը 180 մլն դոլար է հատկացրել Որոտանի ՀԷԿ-ի վերակառուցման համար: Հայաստանը նաև ընդգրկվել է USAID STIP ծրագրի մասնակից 20 երկրի ցանկում, ուղղված էներգետիկ անկախությանն ու ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավերների» երկրորդ դրամաշնորհի ցանկում: «Որոտան» նախագիծը ենթադրում է խոշորագույն ամերիկյան ներդրումները ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունների պատմությունում:

«Ողջունում ենք նիստը որպես դրական ջրբաժան ԱՄՆ ու Հայաստանի երկկողմ տնտեսական հարաբերություններում: Բանակցությունների արդյունքները խոստումնալից են նաև քաղաքական մակարդակով: Իսկ գործնականն ապագայում կայուն աճի հող կնախապատրաստի»,- ասել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը:

ANCA-ի համար մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ն ու Հայաստանն «առավել հասուն հարաբերությունների ճանապարհին են՝ հեռանալով նվիրատու-շահառու մոդելից, և կենտրոնանալով գործընկերության մոդելի վրա:

Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղարի եվրոպական գծով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, USAID ղեկավարի օգնական Փեյջ Ալեքսանդերը, Եվրոպայի գծով օժանդակության հատկացման համակարգող Դանիել Ռոզենբլյումը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Երևանը ներկայացնում էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ինչպես նաև ԱԳ, էկոնոմիկայի, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մանասերյանը ևս առանցքային դերակատարություն է ունեցել հանդիպման նախապատրաստման գործում: