Բուլղարիան չի մասնակցի Դանիայում կայանալիք Եվրատեսիլ-2014-ին նախագծի ֆինանսավորման հետ կապված դժվարությունների պատճառով, հայտարարել է Բուլղարիայի BNT հեռուստաալիքը:
«Նախագծի արժեքի և բյուջետային կրճատումների պատճառով հաջորդ տարի BNT-ն չի մասնակցի Եվրատեսիլ-2014 երգի մրցույթին»,-մեջբերում է հեռուստաալիքի հայտարարությունը Sofiaglobe պորտալը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Սերբիան ևս հրաժարվել է մասնակցությունից նույնպես ֆինանսական պատճառներով, մասնավորապես արտոնագրի համար ավելացած ծախսերի ու պատվիրակության ուղևորության կազմակերպման ծախսերի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Միջոցների սղության պատճառով մրցույթին չեն մասնակցի նաև Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Խորվաթիան, մի քանի այլ երկրներ:
Հայաստանն առաջին անգամ մասնակցության հայտ ներկայացրեց մրցույթին 2005 թվականին, սակայն հետո հետ կանչեց իր հայտը: 2004 թվականի ապրիլի 14-ից Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլին» 2006թ. Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը, և դրանով իսկ ազդարարեց Հայաստանի հաջող մեկնարկը: Առաջին անգամ Հայաստանը չանցավ մրցույթի եզրափակիչ 2011 թ., երբ Էմմիին մեկ միավոր պակասեց եզրափակչում հայտնվելու համար: 2012-ին Հայաստանը չմասնակցեց Բաքվում կայացած Եվրատեսիլին: Մասնակցության տարիների ընթացքում Հայաստանը ստացել է 740 միավոր: