25 նոյեմբերի 2013 - 11:13 AMT
Ֆրանսիայում հեռախոսամարաթոնի արդյունքում 1,460 մլն եվրո է հավաքվել

Չնայած եվրոպական երկրներում, եև մասնավորապես Ֆրանսիայում առկա ճգնաժամին, հայ համայնքն արձագանքեց հայտնի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի և դերասանուհի Արիան Ասկարիի ուղերձին: Ինչպես հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, 4 օր տևած ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է 1,460 մլն եվրո, ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2012 թվականին: Հավաքված միջոցները կուղղվեն դեպի Ղարաբաղի նոր ճանապարհի կառուցմանն ու Սիրիայի հայկական դպրոցների վերականգնմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին: Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով: Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...): Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում: 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը: Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է:

Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլոք: Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով: Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում` «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն): Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ: Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր:

Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից: 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը: