Աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը Հայաստանում լուծելու համար անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից: Քաղաքային վայրերում գործազրկության մակարդակը հասնում է 28 տոկոսի, ինչը չափազանց մեծ ցուցանիշ է:
Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանն այսօր Երևանում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցի առանցքային դրույթը:
Մասնավորապես խոսքը գնում է առաջարկով պայմանավորված մոդելից դեպի պահանջարկով պայմանավորված մոդելի անցնելու մասին:
Ըստ նրա, տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանում մենաշնորհների թիվն ավելի բարձր է:
Շուկաների 60 տոկոսում գերիշխում են մենաշնորհները կամ օլիգոպոլիաները: Ավելին, որոշ ոլորտներում առկա են օտարերկրյա սեփականության սահմանափակումներ: Օրինակ, վառելիք/գազ և տրանսպորտ ոլորտում 49% սահմանափակում, անտառային տնտեսության ոլորտում՝ 100%: