27 նոյեմբերի 2013 - 16:37 AMT
Կալիֆորնիայի ևս մեկ քաղաք ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։

Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Նահանգի ներկայացուցիչների պալատը և սենատը բանաձև են ընդունել և կոչ արել ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը::

Ապրիլի 23-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը, որի ղեկավարն Անդրեաս Բորջեսն է, բանաձև է ընդունել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայկական պատմական և էթնիկ շրջան է, որ ընկած է Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Բանաձևը նաև կոչ է անում Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը: «Հույս ունենք, որ Սակրամենտոն նույնպես կճանաչի անկախությունը, և չնայած Ֆրեզնոն առաջինն է Կալիֆորնիայում, որ նման բանաձև է ընդունում, այնուամենայնիվ մեր նպատակն է, որ նմանատիպ նախաձեռնություններով հանդես գան երկրի բոլոր նահանգները, և ի վերջո` Վաշինգտոնն ու Կոլումբիա շրջանը»,- ասել է բանաձևի հեղինակ Անդրեաս Բորջեսը:

2012 թվականի օգոստոսի 6-ին ԼՂՀ անկախությունը ճանաչեց նաև Մասաչուսեթսի Ներկյացուցիչների պալատը: