28 նոյեմբերի 2013 - 13:35 AMT
Մեկնարկում է Արևելյան գործընկերության «երկար սպասված» գագաթնաժողովը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության «երկար սպասված» գագաթնաժողովը: Ծրագրի նպատակն է ԵՄ մերձեցումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ:

Հայաստանը ներկայացնում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ Եվրահանձնաժողովի կայքի հաղորդագրության, այն կանցնի ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ղեկավարությամբ: Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

ԵՄ և Հայաստան

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Այս որոշումը քննադատեցին եվրոպական կառույցներն ու փորձագիտական շրջանակները՝ հայտարարելով, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

ՀՀ ղեկավարները հայտարարում էին, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի: Գագաթնաժողովից առաջ որոշ հայկական ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց, որ Վիլնյուսում նախատեսվում է 3-էջանոց հայտարարության ստորագրում, որով կողմերը կփաստեն, որ Եվրոպայի դռները փակ չեն Երևանի առջև:

ԵՄ և Ուկրաինա

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել էր նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Եվրահանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել էր, որ տեղյակ է Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի կողմիցճնշմանը: Կրեմլում այդ մեղադրանքներն անհիմն էին համարել, իսկ ԱԳՆ-ն համարեց, թե այդպիսով ԵՄ-ն փորձում է բանակցությունների ձախողման ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Ավելի ուշ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին, որ ԵՄ-ում նախագահող Լիտվան կոշտ հակառուսական հռչակագիր է նախապատրաստել՝ դատապարտելով Ուկրաինայի հանդեպ ճնշումը: Սակայն Լիտվայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Վիլնյուսը հակառուսական հռչակագիր չի պատրաստել: Ըստ նրա, գագաթնաժողովը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ, որն Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից չէ, իսկ հռչակագիրն ընդունվում է անմիջապես հանդիպմանն և պետք է ստանա բոլոր մասնակիցների հավանությունը:

Այդպիսով, գագաթնաժողովում ակնկալվում է ԵՄ և Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրում և Վրաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրում:

Գագաթնաժողովի ու ԵՄ նպատակն ընդհանուր առմամբ

Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպոյը համատեղ հայտարարություն էին տարածել առաջիկա Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերաբերյալ: «Մեր նպատակն է տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ քայլ առ քայլ կառուցել ժողովրդավարական, բարգավաճ, կայուն ու իրավական պետության վրա հիմնված հարևանության գոտի: Գործընկերների հետ միասին շարունակում ենք աշխատել ասոցացման և ազատ առևտրի խորն ու համապարփակ հավակնոտ համաձայնագրերի վրա՝ հասնելով նախանշված հանգրվաններին ու քայլեր կատարելով ԵՄ և այդ տարածաշրջանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման ու ազատականացման ուղղությամբ: Այդ համաձայնագրերը ոչ միայն մատչելի են դարձնում աշխարհի խոշորագույն շուկան, որը գերազանցում է կես միլիարդը, այլև աջակցում մեր գործընկերներին նրանց տնտեսությունների բարեփոխման ու հասարակությունների արդիականացման հարցերում:

Արևելյան գործընկերությունը մտածված է որպես գործընկերություն, որից բոլորս ենք շահում: Արևելյան Եվրոպայի մեր հարևաններին ու ընդհանուր առմամբ ամբողջ տարածաշրջանին առաջարկում ենք հեռանկարային ռազմավարական տեսլական, ինչպես նաև դրան հասնելու միջոցներ: Սակայն, ընդունել ԵՄ առաջարկը, որը նշանակում է բոլոր անհրաժեշտ արժեքների պահապնում ու չափանիշների ընդունում, կախված է գործընկերների ինքնիշխան ընտրությունից. ընտրությունը, որը պետք է զերծ լինի արտաքին ճնշումից և կատարվի ի շահ սեփական քաղաքացիների: Եվրամիությունը պատրաստ է ավելի բաց լինել ու մեծ աջակցություն ցուցաբերել նրանց, ով շահագրգռված է բարեփոխումների ու արդիականացման գործում: Եվրամիության սահմաններին կարևոր փոփոխություններ են կատարվում: Վերջին տարիներին Եվրամիությունը դարձել է խոշորագույն առևտրային գործընկեր ու ներդրումների աղբյուր, քաղաքականության սուբյեկտ ու հուսալի գործընկեր մեր արևելյան հարևանների մեծ մասի համար: Եվ դա միայն առաջին քայլերն են: Ի վերջո, Եվրոպան ու արևելյան գործընկերները հաջողության կհասնեն միայն որպես ինտեգրված մայրցամաք առանց բաժանարար գծերի»: