29 նոյեմբերի 2013 - 14:36 AMT
ՀՀ նախագահն ԵՄ, Թուրքիայի հետ հարաբերությունների ու Ալիևի հետ հանդիպման մասին

Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրն է։ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, ստորագրումը նախատեսվում է մինչև 2014-ի սեպտեմբեր: Ուկրաինան որևէ փաստաթուղթ չի ստորագրել:

Ելույթ ունենալով գագաթնաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըհայտարարել է, որչ Հայաստանն այս գագաթնաժողովը դիտում է որպես ԵՄ հետ հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան:

«Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթն և այսօր ստորագրվելիք Հայաստան-ԵՄ հռչակագիրը»,- նշել է նախագահը:

Իր խոսքում երկրի ղեկավարը նաև նշել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով վերահաստատվում է հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել երկրներում իրականացվող բարեփոխումներին: «Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը եվրոպական մոդելով գիտակցված ընտրություն էր եղել, որն այսուհետ «անշրջելի է»:

Ըստ Սերժ Սարգսյանի, գլխավոր նպատակն է ԵՄ հետ ձևավորել այնպիսի կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս՝ համատեղելի են գործակցության այլ ձևաչափերի հետ: Նախագահի համոզմամբ, տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս, Արևելյան գործընկերությունը պետք է դառնա կամուրջ, ու այդ իմաստով երկրները հանձնառու են ջանքեր գործադրել առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։

«Հենց այս գիտակցմամբ ենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և հարևանների հետ խնդիրները փորձում կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը»,- նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից:

Նախագահը նաև ասել է, որ որպես գործընկերներից, ԵՄ անդամ-պետություններից ակնկալում է Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն: Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է օրերս Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը: Նա նշել է, որ թեև արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, հանդիպման փաստն ինքնին դրական է:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից և թուլացնել լարվածությունը շփման գծում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից և որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհը՝ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով»,- նշեց նախագահը: