2 դեկտեմբերի 2013 - 13:29 AMT
Ուկրաինայի ԱԳՆ. Դեկտեմբերի 5-6-ն ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստը Կիևում կկայանա ցանկացած դեպքում

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որը նախանշված է դեկտեմբերի 5-6-ը Կիևում, տեղի կունենա, անկախ բողոքի զանգվածային ցույցերից, հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն:

«Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, հանդիպումը նախապատրաստական փուլում է»,-ասել են գերատեսչության մամլո ծառայությունում՝ չճշտելով արդյոք ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում տեղի կունենա Ուկրաինայի ԱԳ նախարարի հանդիպումն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչ այդ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարեց, որ Կիևի կենտրոնում «եվրամայդանը» ցրելուց հետո հազիվ թե նպատակահարմար լինի ԱԳՆԽ նիստն այնտեղ անցկացնել: Ուկրաինան այժմ ԵԱՀԿ գործող նախագահն է: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից:

Այժմ կենտրոնական հրապարակը ցուցարարներն են վերահսկում: Մարդիկ Մայդանի շուրջ բարիկադներ են կառուցել միլիցիայի արգելապատնեշներից, «Բերկուտի» մարտիկների վահաններից, ամանորյա տոնածառի մասերից, որը այդպես էլ չհասցրեցին հավաքել, և ձեռքի տակ եղած այլ իրերից: