2 դեկտեմբերի 2013 - 17:20 AMT
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գործարկմանը

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական և տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական հատվածի ներկայացուցիչների ու բազմաթիվ գործարարների (շուրջ հինգ հարյուր) մասնակցությամբ, նախագահները հանդես են եկել ողջույնի խոսքով:

Մինչ այդ, երկու երկրների նախագահներն այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես:

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:

Հրազդանի 5-րդ էներգաբլոկը 2012թ-ի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերայան շահագործման փուլում` ներգրավվելով ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում:

Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 1989 թ.: 1990-92 թթ. շինարարությունը կանգ առավ և միայն 2006թ-ին ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք բերեց «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը` շինարարությունն ավարտելու և արդիականացնելու պարտավորություններով: Ներդրվել է շուրջ 465.2 մլն դոլար, որից 248.8 մլնը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով: Արդյունքում «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը նորագույն տեխնոլոգիական լուծումներով բացառիկ կառույց է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում:

«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի ծրագրի իրագործումն անմիջական կապ ունի Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հետ: Մասնավորապես, ըստ համաձայնության, արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի Իրանի էներգահամակարգ և վճարման միջոց կհանդիսանա Հայաստան ներկրվող իրանական գազի դիմաց:

ՀՀ և ՌԴ նախագահները համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը: Նամականիշերի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, որից հետո կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Ելույթ ունենալով համաժողովում՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից: «Հակառակը, մենք մտադիր ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում՝ հիմք ընդունելով այն լավը, ինչ մեզ հասել է մեր նախնիներից, ամրապնդելով հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ կարծում է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացն առավելագույն արդյունավետությամբ առաջ կգնա:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ընթացքը դեպի եվրասիական ինտեգրման նախագիծ հայ ժողովրդի ինքնիշխան ընտրությունն է: «Անշուշտ, Ռուսաստանն ամեն ինչ կանի, զարգացնելու համար համագործակցության այդ ուղղությունը հայկական կողմի հետ: Մենք Հայաստանին ընկալում ենք որպես ինտեգրման գործընթացի լիիրավ մասնակից»,-ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ այդ մոտեցումը հավանություն է ստացել հոկտեմբերին Մինսկում կայացած տնտեսական խորհրդի նիստում:

ՌԴ նախագահը վստահ է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական տարածքին լրջորեն կամրապնդի նրա տնտեսական ներուժը, կնպաստի ներդրումային մթնոլորտի բարելավմանը, անմիջական գործարար կապերի սերտացմանը տարածաշրջանային մակարդակով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեկտեմբերի 2-ին Երևանի կենտրոնում ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց «Միասնական խաչ» անվանումը կրող հուշարձանը, որը խորհրդանշում է հայ-ռուսական բարեկամությունը: