3 դեկտեմբերի 2013 - 15:24 AMT
Նալբանդյանը մեկնում է Կիև, որտեղ կհանդիպի նաև Մամեդյարովին

Դեկտեմբերի 4-ին Կիևում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դեկտեմբերի 4-5 Կիևում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստն է, ինչպես նաև նախարարների երկկողմ հանդիպումները:

«Կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, կարևոր է գործընթացը կարգավորելու կողմերի ցանկությունը, բայց կարևոր է նաև, որ կարգավորման իրատես մոտեցում լինի: Այսպիսի իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահող երկրների նախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել են հինգ հայտարարությունների մեջ»,- ասել է նախարարը:

Նալբանդյանի խոսքով, Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում արված առաջարկների և սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. «Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացն ու առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը»:

Խոսելով նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, արտգործնախարարը նշել է, որ այն գնահատվել է որպես կառուցողական հանդիպում: «Հույս ունենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ է բացում»,- ասել է նախարար Նալբանդյանը, գրում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն ու առանձնազրույցն էին: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները չեն հրապարկվում:

Ինչպես հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը, Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը, հայտարարել է.«Նորմալ»: Հետագա մեկնաբանություններից Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ձեռնպահ են մնացել:

Մինչ այդ «Հրապարակ» թերթն իր աղբյուրների վրա հղումով գրել էր, որ հանդիպման ժամանակ հայկական կողմը պնդելու է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի մոտ:

Հանդիպման նախօրեին, նոյեմբերի 18-ի երեկոյան ՀՀ նախագահի հեռախոսազրույցն էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Վերջինս հաստատել էր Վաշինգտոնի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Զրուցակիցները նշել են, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և հարկավոր է մշակել կարգավորման փոխընդունելի մեխանիզմներ հիմնարար սկզբունքների հիման վրա:

Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի սկզբին: