4 դեկտեմբերի 2013 - 17:23 AMT
Փորձագետ. ՀՀ նախագահն ամենաադեկվատ դիրքորոշումը որդեգրեց Վիլնյուսի գագաթաժողովում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամենաադեկվատ դիրքորոշումը որդեգրեց արևելաեվրոպական երկրների նախագահների Վիլնյուսում կայացած գագաթաժողովում: Այդ մասին «Պռավդա.ռու» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Մերձբալթիկայի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը հանդես եկավ Եվրոպայում բաժանարար գծերի ստեղծման դեմ, Ատլանտիկ օվկիանոսից մինչև Ուրալ ինտեգրացիոն միավորում ստեղծելու օգտին: «Սարգսյանը համարում է, որ Մաքսային միությանը և Եվրամիությանը ինտեգրվելու միջև հակասություններ չպտեք է լինեն: Ինչ-որ հայտարարություն պետք է ստորագրեն Հայաստանն ու Եվրամիությունը հետագա համագործակցության վերաբերյալ, սակայն դա ասոցացման համաձայնագիր չի լինի, այլ համագործակցության ինչ-որ այլ ձևեր, դեռ այդ մասին տեղեկություններ չկան: Դրանում ոչ մի վատ բան չկա: Ռուսաստանը նույնպես պայմանագիր ունի Եվրամիության հետ համագործակցության մասին»,-նշել է փորձագետը՝ ասելով թե տարբերություն չկա՝ այն Արևելյան գործընկերության շրջանակներում է, թե ոչ:

Ռուսաստանը չի շրջվում թիկունքով դեպի Եվրամիությանը, այլ առաջարկում է առավելապես հրաժարվել բոլոր առևտրային սահմանափակումներից և խոսել միասնական շուկայի մասին՝ Ատլանտիկից մինչև Վլադիվոստոկ: Այդ մասին բազմիցս է խոսվել: Սակայն, հավանաբար, Արևմուտքի համար դեռ շահավետ չէ նման արմատական փոփոխությունների գնալ: Կարծում եմ, որ Ռուսաստանն սեփական նման ինտեգրացիոն նախագիծը կստեղծի, արդեն Մաքսային միության հիման վրա»,-ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ այդ նախագիծն ավելի հաջող կլինի, քան Արևելյան գործընկերությունը:

Ըստ փորձագետի, համաշխարհային իրավիճակը կտրուկ փոխվում է: Եթե նախկինում Արևմուտքն էր իշխող ուժը մոլորակում, ապա այժմ Արևմուտքն ապահովում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը՝ դա Եվրոպան ու ԱՄՆ-ն միասին: Ժամանակները փոխվել են, ժամանակն է ականջալուր լինել նաև մյուսներին, տնտեսական ու քաղաքակա ուժի այլ բևեռներին ստեղծել ավելի հավասարակշռված, բազմաբևեռ հարաբերությունների համակարգ:

«Ուստի Եվրամիությունը նման տնտեսական միավորումներից մեկը կդառնա, որոնք արդեն բավականին շատ են: Ակնհայտ է, որ Եվրամիությունը ինչ-որ այն ուղղությամբ չի գնում՝ աճում է դժգոհությունն ամեն ինչի ունիֆիկացիայից՝ նորմերի, չափանիշների: Եթե նրանք խելաի մարդիկ են, ապա ստիպված են լինելու ինչ-որ տեղ կանգ առնել և մի քիչ էլ նահանջել: Հակառակ դեպքում, նրանց սպասում է ԽՍՀՄ ճակատագիրը՝ փլուզում»,-ասել է Ալեքսանդրովը:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե Արևելյան գործընկերությանըմեկ կամ մի քանի տարի է մնացել գոյատևել, ապա Ալեքսանդրովը նշել է, որ այդ նախագիծը ոչ մի բանի չի պարտավորեցնում, այն հեշտ է բացել և հեշտ է փակել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են երկու կողմերը պատրաստ համագործակցել այդ նախագծի շրջանակներում: «Ընդ որում գլխավոր թեման այստես չպետք է միասեռականությունը լինի, որն անընդունելի է արևելաեվրոպական երկրների համար, այլ, օրինակ, ընտրությունների ինչ-որ ընդհանուր կանոններ, բարելավումներ տնտեսական ոլորտում, կարծում եմ, դա ընդունելի կլինի արևելաեվրոպական երկրների համար: Իսկ եթե նախագծի կենտրոնն այդ թեման է դառնում, հիշեք վերջին քննարկումները Ուկրաինայի, Մոլդովայի ու Ռուսաստանի ԶԼՄ-ներում, կամ ֆեմինիզմը, կամ յուվենալ արդարադատությունը և գաղափարական այլ հարցեր, որոնք անընդունելի են Արևելյան Եվրոպայում, ապա, անշուշտ, նախագիծը կարող է փակվել»,-ամփոփել է փորձագետը:

Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների գագաթաժողովում Հայաստանը պետք է ստորագրեր Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրերը, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, որ Երևանը միտված է խորացնելու համագործակցությունը ԵՄ հետ այն մասով, որքանով դա չի հակասում անդամակցությանը Մաքսային միությանը: