7 դեկտեմբերի 2013 - 13:41 AMT
The Economist. Ուկրաինան կմիանա Մաքսային միությանը

Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնագիր է կնքել, որը ներառում է նաև Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը: Այդ մասին իր Twitter-ում է գրել The Economist ամսագրի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը՝ «իրազեկ աղբյուրի» վրա հղումով:

Լրագրողը պատմել է նաև, որ Սոչիում կնքված համաձայնագիրը նախատեսում է, որ Ռուսաստանը Ուկրաինային առնվազն 5 մլրդ դոլար կհատկացնի, ինչպես նաև գազի գինը կսահմանի 200 դոլար հազար խմ գազի դիմաց:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալուն, ապա Լուկասը հստակեցրել է, որ դա պետք է տեղի ունենա մինչև 2015 թվականը, երբ սպառվում են Վիկտոր Յանուկովիչի լիազորությունները նախագահի պաշտոնում: Պաշտոնապաես այս տեղեկությունը չի հաստատվել, հայտնում է ntv.ru-ն:

Նախօրեին Սոչիում տեղի է ունեցել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը, որը նոր է վերադարձել Չինաստանից: Ըստ Պեսկովի, երկու նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների ընթացիկ հարցեր, ինչպես նաև ՌԴ-Ուկրաինա միջպետական հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար: