7 դեկտեմբերի 2013 - 14:08 AMT
Կրեմլ. Պուտինն ու Յանուկովիչը չեն քննարկել ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

Նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը Սոչիում կայացած հանդիպմանը չեն քննարկել Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Պուտինն ու Յանուկովիչը քննարկել են երկկողմ հանձնաժողովի նիստի օրակարգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Մոսկվայում: Բացի այդ, նախագահները քննարկել են համագործակցությունը էներգետիկ, ֆինանսավարկային և այլ ոլորտներում:

Այն մասին, որ ուրբաթ օրը Սոչիում կայացած Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ուկրաինան անդամակցելու է Մաքսային միությանը, իրազեկ աղբյուրի վրա հղումով հայտնել է հայտնի բրիտանացի լրագրող, The Economist ամսագրի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը: Նա պնդում է, որ Սոչիում կնքված համաձայնագիրը նախատեսում է, որ Ռուսաստանը Ուկրաինային առնվազն 5 մլրդ դոլար կհատկացնի, ինչպես նաև գազի գինը կսահմանի 200 դոլար հազար խմ գազի դիմաց, որը գործող գնից գրեթե երկու անգամ պակաս է:

Մինչդեռ ուկրաինական ընդդիմությունը, մեկնաբանելով Յանուկովիչի այցը Սոչի, հայտարարել է, որ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված ցանկացած համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի նախագահի կողմից կհանգեցնի բողոքի նոր ցույցերի:

Ընդդիմության բողոքի ակցիաները սկսվեցին Ուկրաինայում, երբ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Ամենաբազմամարդը եվրաինտեգրման կողմնակիցների հավաքն էր Կիևի Մայդանում, որը նոյեմբերի լույս 30-ի գիշերը ցրեցին հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատի մարտիկները: Վերջին իրադարձությունների վրա հիմնվելով ընդդիմությունը փորձեց հասնել կառավարության հրաժարականին, սակայն ձայների անհրաժեշտ քանակը չհավաքվեց անվստահության քվեի համար: