10 դեկտեմբերի 2013 - 18:50 AMT
ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Ազգային դեղեր-միջազգային որակ» գիտաբժշկական համաժողովին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ճանապարհային քարտեզն առաջիկա օրերին կքննարկվի չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

Նոյեմբերի 18-ին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ կլինի միանալու Մաքսային միությանը մինչև 2014 թվականի փետրվարի 14-ը: Նա նաև նշել էր, որ դեկտեմբերի 19-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը կհաստատի ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գծով խորհրդական Սերգեյ Գլազևը Բիշքեկում հայտարարել էր, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին, ինչը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: