11 դեկտեմբերի 2013 - 16:18 AMT
Ուկրաինայի վարչապետ. ՄՄ-ին անդամակցության մասին խոսք չկա

Ուկրաինան շարունակում է բանակցություններն Եվրամիության հետ, իսկ Մաքսային միությանն անդամակցելու մասին համաձայնագիր ոչ ոք չի ստորագրելու, հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»: «Ուկրաինայի պատվիրակությունը բանակցում է ԵՄ հետ: Մեր առաջարկներում ձևակերպված են մեր տնտեսության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու սկզբունքները: Առաջին հերթին խոսքը խոշոր ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու մասին է»,- ասել է Ազարովը:

Նա հավաստիացրել է, որ դեկտեմբերի 17-ին ռուս գործընկերների հետ հերթական հանդիպմանը միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, ՄՄ-ին ինտեգրման մասին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու: «Մաքսային միության մասին ոչ մի խոսք չի լինելու: Կառավարությունը ոչ մի փաստաթուղթ չի նախապատրաստում: Ես նախապես ուզում եմ կանխել բոլոր շահարկումները»,-ասել է նա:

Անդրադառնալով եվրոպական ինտեգրմանը՝ Ազարովը նշել է, որ Ուկրաինան հուսով է, որ 20 մլրդ եվրո աջակցություն կստանա Եվրամիությունից: «Մեկ անգամ ևս ուզում եմ ուշադրությունը հրավիրել մեր քաղաքացիների մի մասի դրդապատճառների վրա: Ով Մայդան է դուրս եկել, պահանջում է շտապ ստորագրել ԵՄ հետ համաձայնությունը: Կառավարությունը ևս ցանկանում է ստորագրել, բայց մենք մտադիր ենք նվազագույնի հասցնել ռիսկերը: Մեր հաշվարկներով, դա մոտ 20 մլրդ եվրո է: Նշեմ, որ խոսքն անհատույց օգնության մասին չէ ԵՄ կողմից»,-հայտարարել է Ազարովը՝ հավելելով, որ Եվրամիությունը չի ընդառաջում իրենց: «Հիմա եվրոպացի պաշտոնյաները հետևում են Մայդանի իրադարձություններին, բայց չեն շտապում օգնության հարցում: Ո՞ւմ օգտին են աշխատում հիմա նրանք, ով կանգնած է Մայդանում: Եթե նրանց իշխանությո՞ւն է հարկավոր, ապա ինչի՞ համար: Դուք արդեն ունեիք իշխանություն, և ոչ մի լավ բանով ժողովուրդը ձեզ չի հիշում»,-ասել է վարչապետը: «Իշխանություններին բոլորովին ձեռնատու չէ ուժային բախումը: Հեղափոխական տրիբունալով այս հարցերը չես լուծի»,-հայտարարել է Ազարովը:

Վարչապետը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բացատրություններ տալ դիվանագետներին Մայդանի ցուցարարներին ցրելու վերաբերյալ ու կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ նրա, բոլորը պետք է փոխզիջում որոնեն, իսկ ուկրաինական իշխանությունների ընդդիմադիրները «գիտակցաբար խուճապ ու սադրանքներ են սերմանում»: Անցած շաբաթ ասվում էր, որ ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Պուտինի ու Յանուկովիչի հանդիպմանն իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին: Ավելի ուշ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ երկու երկրների նախագահները Սոչիում չեն քննարկել Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը: Ազարովը ևս հերքեց ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարությունները:

Ավելի ուշ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պայմանավորվածություն չկա: «Շատ են այսպես կոչված գորշ գոտիները, տարբեր ռիսկերը: Դա երկար ճանապարհ է»,-ասել է նախարարը: