11 դեկտեմբերի 2013 - 15:38 AMT
Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ կքննարկի «Ժնև-2»-ի նախապատրաստման հարցը

Ակնկալվում է, որ զրույցի ընթացքում նախարարները կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հանդեպ վստահության վերականգնմանն առնչվող հարցեր Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների լույսի ներքո: Կքննարկվի նաև Սիրիայի վերաբերյալ «Ժնև-2»-ի նախապատրաստման հարցը:

Օրակարգի ևս մեկ կարևոր հարց է սիրիական ճգնաժամը: Կողմերի դիրքորոշումները խաղաղ կարգավորման վերաբերյալ համընկնում են: Ռուսաստանը նաև շարունակում է պնդել, որ Իրանը պետք է մասնակցի «Ժնև-2» խորհրդաժողովին, որպես տարածաշրջանի ազդեցիկ պետություններից մեկը:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա:

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնեց, որ Ժնևում Սիրիայի հարցով խաղաղ խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 126 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: