11 դեկտեմբերի 2013 - 16:31 AMT
Երևան այցի նախօրեին Դավութօղլուն զանգահարել է Քերիին

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, դեկտեմբերի 11-ին հայտնել է Haber7 հեռուստաալիքը: Ըստ տեղեկատվության, քննարկվել է նաև Դավութօղլուի ակնկալվող այցը Երևան:

«Երևան այցելությանս ծրագիրը դեռ հստակեցված չի, սակայն, չի բացառվում, որ ՍԾՏՀ միջոցառումների շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կլինեն»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը լրագրողներին Անկարայում, գրում է Haberler գործակալությունը:

Ըստ նրա, «Թուրքիան միշտ հայտարարել է այն մասին, որ Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին միայն եթե բարելավվեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն ու կարգավորվեն տարածաշրջանային հակամարտությունները»,- հայտարարել է Դավութօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կայցելի դեկտեմբերի 12-ին ՍԾՏՀ նիստին մասնակցելու նպատակով:

2009 թ. ապրիլին Երևանում ՍԾՏՀ գագաթաժողովին Թուրքիան ներկայացնում էր ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: