15 ապրիլի 2006 - 15:20 AMT
Բաքուն առաջարկում է համազգային տեղեկատվական քարոզարշավ սկսել
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը գնում է ոչ միայն զինված ուժերի շփման գծում, այլ նաեւ տեղեկատվական տարածքում: Երկու երկները ժամանակ առ ժամանակ, երբեմն կանոնավոր կերպով տարբեր «դիվերսիաներ« են կատարում եւ արշավներ կազմակերպում հակառակորդին վարկաբեկելու եւ իրադարձությունների մասին իր ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու համար: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ Արդբեջանը պարտվել է Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմում, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: Այլ հարց է, թե ով է մեղավոր, հարց է տալիս թերթը:
«Անկասկած, առաջին հերթին մեղքը Ադրբեջանի պետական կառույցներինն է, օրինակ, արտգործանախարարության եւ Արտերկրում բնակվող ադրբեջանցիների գործերով պետական կոմիտեինը: Նախարարությունը եւ այդ կոմիտեն պետք է արշավներ ձեռնարկեն եւ մշակեն դրանց կատարումը:
«Առանձին անդրադառնանք մեր դեսպանատների գործունեությանն արտերկրում: Ի՞նչ են անում նրանք աշխարհում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ճշմարտությունը տարածելու համար: Դատելով այն սակավ տեղեկություններից, որոնք հասնում են Ադրբեջան, մեր դեսպանատները առանձնակի ակտիվությամբ «չեն տառապում»: Նույնը կարելի է ասել նաեւ սփյուռքի մասին»,-գրում է «Զերկալոն»:
Ըստ հոդվածի հեիղնակի, ելքը հետեւյալն է. «բոլոր պետական կառույցները, ոչ կառավարական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, երկրի քաղաքացիները եւ մյուս բոլորը, ում համար թանկ է մեր երկրի իմիջը, պետք է համազգային քարոզարշավ սկսեն «Ադրբեջանը սկսում է եւ հաղթում» պայմանական անվանումով: Որպես սկզբնական գործողություն թերթը առաջարկում է բոլոր միջազգային կառույցներին ներկայացնել այն մշակութային եւ պատմական արժեքների ցուցակը, որոնք մնացել են «գրավյալ» տարածքներում, եւ հասնել դրանց վիճակի դիտարկմանը: Միեւնույն ժամանակ թերթն ընդգծում է, որ «վարակված չէ» այն գաղափարով, թե Ադրբեջանի պատմության եւ մշակույթի ողջ քարոզչությունը պետք է հակահայկական բնույթ կրի: