13 դեկտեմբերի 2013 - 14:14 AMT
Եվրահանձնաժողովը 25 մլն եվրո կտա Հայաստանին՝ տնտեսությանը, էներգետիկային ու մասնագիտական կրթությանը

Եվրահանձնաժողովը 87 մլն եվրո է լրացուցիչ հատկացրել Մոլդովային, Վրաստանին ու Հայաստանին Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակում:

Միջոցները կուղղվեն գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների բարձրացմանը, բարեփոխումներին էներգետիկ հատվածում, աշխատանքի շուկայի կառավարման բարելավմանը, մասնագիտական կրթության ու ուսուցման առաջարկներին և այլն:

2013 թ. հատկացվող ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 87 մլն եվրո, որը կբաշխվի երեք երկրների միջև՝ Մոլդովային կհատկացվի 35 մլն եվրո, Վրաստանին՝ 27, Հայաստանին՝ 25 մլն եվրո:

«Այս տարի երեք արևելյան գործընկերները պարգևատրվեցին ժողովրդավարության զարգացմանն աջակցելու ջանքերի համար: Հուսով ենք, որ ապագայում այդ խումբը կընդլայնվի: Լրացուցիչ ֆինանսավորումը նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին ու համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտ են տալիս քաղաքացիներին»,-հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հայտնում է Armenia Today-ը:

Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսվում էր ասոցացման համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու ԵՄ միջև, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրման միության նիստին: