ԱՄՆ հունական համայնքի խորհուրդը խնդրագիր է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին՝ պահանջելով միջամտել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագրին, քանի որ թուրքական իշխանություններն այն մտադիր են վերածել մզկիթի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ հույների խորհրդի (Hellenic American Leadership Council) պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ և նրանց է հանձնել ուղերձը, որի տակ 25 հազար ստորագրություն կա: Փաստաթղթում վճռական բողոք է հայտնվում թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունների դեմ, որոնք մտադիր են հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել:
Պատվիրակությունը կոչ է արել ԱՄՆ-ին միջամտել և թույլ չտալ, որ նախկին ուղղափառ եկեղեցին մզկիթի վերածվի: Ըստ Խորհրդի ներկայացուցիչների, նրանք ԱՄՆ կոնգրեսականներին իրենց «դժգոհություն են հայտնել թուրք պաշտոնյաների հայտարարությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ ուղղափառության ու հելլենականության դեմ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:
Խորհուրդը ստորագրություններով ուղերձը փոխանցել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին, որը 1985 թ. Սբ Սոֆիայի տաճարն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Bյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից: 453-ի մայիսի 30-ին թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, ու հենց հաջորդ օրն այդ սքանչելի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդպիսին մինչև 1935-ը, երբ վերածվեց թանգարանի։
2007թ-ին ամերիկյան քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներ կազմակերպեցին շարժում՝ տաճարին իր նախնական կարգավիճակը վերադարձնելու նպատակով: Նրանց նպատակն էր դադարեցնել անարգի ամենօրյա դրսևորումներն այս պատմական, մշակութային և ճարտարապետական գլուխգործոցի նկատմամբ, քանի որ տաճարի տարածքում՝ Մայր Եկեղեցում, վարում էին առևտրային տոնավաճառներ և ազգային համերգներ ու զվարճություններ: Միջազգային շարժման խորհրդի նախագահ Քրիս Սպիրուն պահանջեց տաճարին վերադարձնել քրիստոնեական եկեղեցու կարգավիճակը, ինչն այն ունեցել է ի սկզբանե և հիշեցրեց, որ այն երբեք թանգարան չի եղել: