14 դեկտեմբերի 2013 - 12:14 AMT
Երևանում կքննարկեն ինտեգրման և ապաինտեգրման գործընթացները ժամանակակից Կովկասում

Կովկասագետների գիտական ընկերակցության եռամյա տարեդարձին ընդառաջ Երևանում ինտեգրման և ապաինտեգրման գործընթացներին ժամանակակից Կովկասում միջազգային կլոր սեղան կանցնի: Ներածական խոսքով հանդես կգա Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը:

Կլոր սեղանի աշխատանքին կմասնակցեն գիտնականներ ու քաղաքագետներ Հայաստանից և Ռուսաստանից: Նիստում կքննարկվեն Գյուլիստանի պայմանագրի, ԵՄ և ՄՄ միջև Հայաստանի ընտրության, Եվրոպայում և Եվրասիայում խաղաղության հաստատման, Հարավային Կովկասում զարգացումների կանխատեսման հարցերը: Մեծ հետաքրքրություն է առաջացնում պատմական գիտությունների դոկտոր Իրինա Բաբիչի «Հայերը Ֆրանսիայի քաղաքական կյանքում 1920-1940 թթ. (ֆրանսիական արխիվների նյութերով)» զեկույցը, որտեղ նա կներկայացնի ֆրանսիական արխիվներում իր բազմամյա աշխատանքի արդյունքները: Նյութեր կներկայացվեն հայերի դերակատարության մասին ֆրանսիական քաղաքական կյանքում, այդ թվում նաև եզակի փաստաթղթեր հայերի մասնակցության մասին Ֆրանսիայում երկու համաշխարհային պատերազմների միջև գործող ռուսական մասոնական օթյակներում: Հետաքրքիր կլինի նաև պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի «Վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում և դրանց ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության համակարգերի վրա» խորագրով զեկույցը: 2010 թ. դեկտեմբերի 6-ին ՌԴ արդարադատության նախարարությունը գրանցեց Կովկասագետների գիտական ընկերակցությունը որպես Կովկասի և հարակից տարածաշրջանների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների հասարակական, ոչ առևտրային, անկախ ու կամավոր միավորում:

«Անցած երեք տարում Ընկերակցությունն իր տեղը գտավ գիտական, փորձագիտական, վերլուծական կառույցների շարքում, որոնք զբաղվում են տարածաշրջանային խնդիրներով: Բացի կանոնավոր գիտաժողովներից, ակտուալ հարցեր են լուսաբանվում նաև ընկերակցության ինտերնետ ներկայացուցչության միջոցով: Ամեն օր նորացվող կայքում լուսաբանվում են զուտ ակադեմիական թեմաներ, ինչպես նաև ակտուալ վերլուծություններ ու կանխատեսումներ: Չափազանցություն չի լինի ասելը, որ որոշ սյուժեների լուսաբանման հարցերում (օրինակ, մուհաջիրների) մեր հեղինակներն առաջինն էին: Կայքի շուրջ համախմբվել են մի շարք մշտական հեղինակներ, որոնք գրում են մեզ համար և ներկայացնում են Հարավային Կովկասի պետությունների և հյուսիսկովկասյան տարածաշրջանների մեծ մասը»,- PanARMENIAN.Net-ին է ասել kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը: