Մաքսային միության դուռը բաց է ցանկացած երկրի համար, որը համաձայն կլինի ստորագրել դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՄՄ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին:
«Մաքսային միության դուռը բաց է ցանկացած երկրի համար, որը համաձայն կլինի ստորագրել դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նաև հիմք են կազմելու Միասնական տնտեսական տարածքի համար»,-ասել է Լավրովը: «Հաջորդ տարվա մայիսին պետք է պատրաստ լինի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը կվերացնի բոլոր սահմանափակումները և կապահովի ապրանքների, կապիտալի, աշխատուժի ու ծառայությունների ազատ տեղաշարժը»,-ասել է նա:
Ավելին, ԱԳ նախարարը նշել է, որ ՄՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին բանակցությունների հաջող ավարտի դեպքում այդ երկխոսությունը կարող է մոդել ծառայել ՄՄ և Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների բանակցությունների համար, հայտնում է ՌԲԿ-ն:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:
Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզն» արդեն պատրաստ է: