14 դեկտեմբերի 2013 - 13:56 AMT
Ըստ Կասպրշիկի, ղարաբաղյան կարգավորման հարցում լավատեսության առիթ այնուամենայնիվ կա

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում լավատեսության առիթ կա:

Ինչպես գրում է Trend գործակալությունը, Կասպրշիկը դա հիմնավորել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմամբ, որտեղ նախագահները հասկացրել են, որ մտադիր են թափ հաղորդել բանակցություններին, և երկու երկրների պաշտոնյաների կարգավորման վերաբերյալ հնչեցված գնահատականներով:

Նա հայտնել է, որ Սարգսյանն ու Ալիևը հորդորել են ԵԱՀԿ ՄԽ-ին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու վստահության հաստատմանը, որպեսզի բանակցությունների մթնոլորտը բարելավվի: Ըստ Կասպրշիկի, նման միջոցներից մեկը կարող է լինել հումանիտար շփումների հաստատումը երկու երկրների գիտական ու հասարակական հատվածի մտավորականների միջև: Բացի այդ, մշակվում են շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմներ:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին և թափ հաղորդել բանակցություններին: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ: