ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «հայ որբերի գորգի» վերաբերյալ, որը պահվում է Սպիտակ տան պահոցում: Շիֆը բազմիցս է հորդորել հանձնել գորգը Սմիթսոնի ինստիտուտում ցուցադրության համար:
Նամակում Ադամ Շիֆը գրում է. «Ամերիկացիների մեծ մասը, այդ թվում նաև Կոնգրեսի իմ գործընկերները, չգիտեն ամերիկյան արձագանքների մասին Հայոց ցեղասպանությանը: Մեր երկիրն օգնել է փախստականներին ու վերապրածներին տարիներ շարունակ Ցեղասպանությունից հետո: 1925 թվականին հայ որբերի մի խումբ, որոնք ապրում էին Լիբանանի որբանոցում, գորգ է գործել՝ նվիրելով այն ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին: Մենք մտադիր ենք հրավիրել Ցեղասպանությունն վերապրած վկաներին, պատմաբաններին, հայ համայնքի ներկայացուցիչներին ու կոնգրեսականներին պատմելու համար Հայոց ցեղասպանության մասին և ցուցադրելով գորգը, որը խորհրդանշում է Ցեղասպանության ողբերգությունն ու հայ ժողովրդի վերածնունդը: Ես խնդրում եմ գորգը տրամադրել մեր միջոցառման համար»:
«Որբերի գորգը» հայ որբերի նվերն է որպես երախտագիտության նշան ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին Հայոց ցեղասպանությունից հետո: Երեխաներն այն գործել են 10 ամիս շարունակ, գորգն ունի 4,404,206 հանգույց:
Թուրքիան ճնշում է գործադրում նախագահ Օբամայի վարչակազմի վրա, չեղյալ հայտարարելու համար Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում, հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, նվիրել են այն որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին ու ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին: Այժմ այն պահվում է Սպիտակ տանը ի թիվս ԱՄՆ նախագահների ստացած նվիրատվությունների:
Ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արևելքում (American Committee for Relief in the Near East, ACRNE) բարեգործական ընկերություն է, որը ստեղծվել է 1918 թվականին Մերձավոր Արևելքի երկրների պատերազմից տուժած ու կարիքավոր բնակչությանն օգնելու նպատակով: Հայաստանում գործել է 1919 թվականի մայիսից, երբ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածությամբ ստանձնել է հայ որբերի հոգսերը հոգալու պարտավորությունը: Կազմակերպության գործունեությունը շարունակվեց նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Որբերի ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում էր ժողկրթության մարմինների հսկողությամբ: 1916-26 թթ. Հայաստանում ու Մերձավոր Արևելքի հայաշատ վայրերում որբանոցներ էր ֆինանսավորում և բարեգործական ծրագրեր էր իրականացնում նաև Անգլիական օգնության կոմիտեն: