18 դեկտեմբերի 2013 - 10:52 AMT
Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործությո՞ւն չէ. ՄԻԵԴ վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում որոշել է, որ Շվեյցարիան խախտել է Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքները, որը մեղադրվել էր ռասայական խտրականության համար Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով: «Իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկը 2005 թ. Շվեյցարիայում մասնակցել է տարբեր խորհրդաժողովների, որտեղ հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

«Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան բողոք էր ներկայացրել Շվեյցարիայի դատարան 2005 թ. հուլիսին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Փերինչեկի դեմ: Լոզանի դատարանը 2007 թ. Փերինչեկին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Փերինչեկը հայց ներկայացրեց, բողոքարկելով որոշումը, պահանջելով այն չեղյալ հայտարարել և լրացուցիչ հետաքննություն սկսել այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը նույն տարվա հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը:

Հայցվորը վիճարկեց որոշումը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին 2007 թ. դեկտեմբերին հաստատեց այդ որոշման օրինականությունը:

Փերինչեկը բողոք ներկայացերց ՄԻԵԴ իր իրավունքները խախտելու վերաբերյալ, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների վրա, մասնավորապես, 7 հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10 (կարծիք հայտնելու ազատություն): ՄԻԵԴ-ը հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում՝ դրամական հատուցում չպահանջելով հայցվորի համար: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ»,-ասվում է դատարանի որոշման մեջ: «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար՝ «խոսքի ու արտահայտվելու ազատության քողի տակ»: Որոշումը վատ օրինակ կհանդիսանա ժխտողականության համար: Այն փաստը, որ որոշումը միաձայն չի եղել, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ, գրում է Asbarez-ը: ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է վիճարկվել 3 ամսվա ընթացքում:

2007 թ. Փերինչեկը մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտվելով 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Դա առաջին դեպքն էր, երբ 1995 թ. ուժի մեջ մտած օրենքը Շվեյցարիայում կիրառվում էր Հայոց ցեղասպանության առնչությամբ:

2011 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայում անսպասելի ձերբակալվեց Փերինչեկի որդին՝ թուրք քաղաքագետ ու պատմաբան Մեհմեդը Փերինչեկը: Նրա ձերբակալության համար առիթ հանդիսացավ մասնակցությունը «Էրգենեկոնի» գործին: Մոսկվայում նա գիրք է լույս ընծայել «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում», որտեղ փորձում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: