19 դեկտեմբերի 2013 - 17:39 AMT
Փորձագետ. Արևելյան գործընկերությունը դեռ լիովին չի ձախողվել, սակայն շտապ շտկման կարիք ունի

«Արևելյան գործընկերության քաղաքականությունը ձախողվել է և այսօր շտկման կարիք ունի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Բեռլինի Գերմանա-ուկրաինական համաժողովի անդամ Ալեքսանդր Ռարը:

«Արևելյան գործընկերությունը դեռ լիովին չի ձախողվել, սակայն շտապ շտկման կարիք ունի: Հուսով եմ, որ նոր գերմանական կառավարությունը, որն իրոք շատ մեծ ազդեցություն կունենա Եվրոպայում, կանի դա: Խնդիրն այն է, որ երբ ստեղծվում էր Արևելյան գործընկերությունն իր այսօրվա տեսքով, ապա այդ քաղաքականության «ճարտարապետներն էին» Լեհաստանը, Չեխիան, Անգլիան ու Շվեդիան: Գերմանիան ու Ֆրանսիան առաջին փուլում անմասն էին: Իսկ գաղափարն առաջացավ, մի կողմից, որպես արձագանք 2008 թ. վրաց-ռուսական պատերազմին և նպատակ ուներ Ուկրաինային, Բելառուսին, Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ու Մոլդովային դուրս բերել ռուսական ազդեցության ոլորտից»,-նշել է նա:

«Կարծում եմ, որ ասոցիացիան, որը ԵՄ-ն մտադիր էր ստորագրել Ուկրաինայի հետ, ինչ-որ չափով ձևափոխված կլինի, որպեսզի Ռուսաստանը կարողանա տնտեսական առումով համագործակցել Ուկրաինայի հետ: Կարծում եմ, մենք դուրս կգանք աշխարհաքաղաքական դիմակայության փուլից և կվերադառնանք համագործակցությանը, որի մասին բոլորս երազել ենք ու գրել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տարածքի ստեղծման մասին: Կարծում եմ, այդ գաղափարն ուղղակի չունի այլընտրանք»,-ասել է Ա.Ռարը, հայտնում է day.kiev.ua-ն:

Նոյեմբերի 28-29 Վիլնյուսում ԵՄ-ն և Հայաստանը պետք է նախաստորագրեին Ասոցացման մասին համաձայնությունը, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին ՄոսկվայումԵվրասիական ինտեգրացիոն միության նիստում: