Սիրիացի խռովարարները մեղադրում են Թուրքիա փախած «Հեղափոխության գերագույն ռազմական խորհրդի» ղեկավար Սալիմ Իդրիսին կոռուպցիայի մեջ, հայտնում է «Ալ Մանար» հեռուստաալիքը: Այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի «համատեղ հրամանատարության» ու ապստամբների ուժերի անունից նրա ձերբակալության թույլտվություն է տրվել Սիրիայի սահմանը հատելու դեպքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Իդրիսին կասկածում են զենք ու զինամթերքի առևտրով զբաղվելու ու ծայրահեղականներին այն վաճառելու մեջ: Նրա օգնական Լուեյ Մելդադին նույնպես ձերբակալություն և դատական հետապնդում է սպառնում, ինչպես նաև լիբանանցի պատգամավոր Ուկաբ Սաքրին:
Իդրիսն առաջին անգամ հայտնվեց էկրանին սահմանամերձ Բաբ էլ Հավա քաղաքից փախչելուց հետո, որտեղ ընթացիկ ամսվա սկզբին «Իսլամական ճակատի» բրիգադները գրավել էին նրա կենտրոնակայանն ու Սիրիայի ազատ բանակի պահեստները: Հինգշաբթի Ստամբուլում նա հանդիպել է ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Ֆորդի հետ:
Իսլամական ճակատի ներկայացուցիչները, ինչպես ասել է Ֆորդը, հրաժարվել են բանակցություններից առանց նշելու պատճառները: Իսլամիստները, որոնք գերակշռում են զինյալների շարքերում, մերժում են խաղաղ կարգավորման հնարավորությունը:
Նոյեմբերին Սիրիայի ազատ բանակի ղեկավար Սալիմ Իդրիսը հայտարարեց, որ իր մարտիկները չեն դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովի անցկացման օրերին, իսկ ՍԱԲ ներկայացուցիչները չեն մասնակցի նրա աշխատանքին: «Ժնև-2»-ի անցկացման պայմաններն անընդունելի են այդ ժամկետներում, մենք չենք մասնակցի խորհրդաժողովին»,-ասել է նա: ՍԱԲ նախապայմաններից է Սիրիայի սահմանադրության գործողության կասեցումն ու Ասադի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, «Հեզբոլլահի» գրոհայինների հեռացումը Սիրիայից:
Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: