24 դեկտեմբերի 2013 - 12:16 AMT
Իրանի նախագահի խորհրդական. Ռոուհանին հոդված չի գրել գերմանական թերթի համար

ԶԼՄ-ների գծով Իրանի նախագահի խորհրդական Ռեզա Սադեկը հերքել է այն հաղորդագրությունը, թե նախագահը մեկնաբանություն է ներկայացրել գերմանական Sueddeutsche Zeitung թերթին, հայտնում է Fars-ը:

Նախօրեին «Ռոյթերս» գործակալությունը հայտնել էր, որ նախագահ Հասան Ռոուհանին հոդված է գրել գերմանական թերթի համար, որտեղ ասվում է, թե Իրանը մտադիր է բարելավել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ ու արևմտյան այլ երկրների հետ: Իրանի նախագահի խորհրդականն ասել է, որ Ռոուհանին հոդված չի գրել գերմանական թերթի համար և հրապարակված նյութը առնչություն չունի Իրանի նախագահի հետ:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներն ազատ արձակվեցին 444 օր անց 1981 թվականին: Պատանդներն ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ Ռոնալդ Ռեյգանի պաշտոնավարման ստանձնման օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի կառավարությունը:

2013 թ. հունիսին ընտրված Հասան Ռոուհանին առավել զուսպ է ԱՄՆ ու Իսրայելի մասին իր հայտարարություններում: