24 դեկտեմբերի 2013 - 17:59 AMT
Ստորագրել են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին որոշումն ու հայտարարությունը ստորագրվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, որն անցնում էր պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտարարել է, բացելով նիստը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2014 թվականի մարտի 1-ին պետք է ձևակերպվի Մաքսային միության շրջանակներում մնացող սահմանափակումների ցանկն ու որոշվեն դրանց վերացման կոնկրետ ժամկետները: Ըստ նրա, ինտեգրացիոն առավել մեծ արդյունք է նկատվում, որբ կոոպերացիան առավել խորն է ու ընդգրկում է բոլոր ոլորտները: Այդ դեպքում, վստահ է ՌԴ նախագահը, տնտեսական համակարգը առավել արդյունավետ կգործի, հայտնում է vesti.ua-ն:

Նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ պահանջում է բացատրել Մաքսային միության սահմանի հարցը Լեռնայինյ Ղարաբաղի խնդրի հետ կապված: «Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» հիմնականում համաձայնեցված է, կարծում եմ, այն կարելի է ընդունել: Միևնույն ժամանակ բաց է մնում այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված որտեղ է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանում: Ուստի մենք մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծւքով, որը կշարադրվի»,-ասել է Նազարբաևը: Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն այս հարցի լուծումը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Photo: RIA Novosti