19 ապրիլի 2006 - 15:14 AMT
Թուրքիան պետք է համապատասխան քայլ կատարի Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար
Հայաստանը չունի ոչ մի նախապայման Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, հայատարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայաստանը պատրաստ էր երեկ, պատրաստ է այսօր եւ պատրաստ կլինի վաղը բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ բաց սահմաններ ունենալ նրա հետ»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: «Մենք ընդունում ենք, որ խնդիր կա, սակայն ցույց տվեք ինձ երկու հարեւան պետություն, հատկապես եվրոպական մայր ցամաքում, որոնք չունեն կամ չեն ունեցել նման պատմական խնդիրներ: Սակայն ոչ ոք չի կիրառում «փակ սահմանների լծակը» ստիպելու համար մյուս երկրին հրաժարվել իր պատմությունից»,-ասել է ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքերով, Թուրքիան պետք է համապատասխան քայլ անի երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: Վ.Օսկանյանը գտնում է, որ Թուրքիան դեռեւս չի ցանկանում զարգացնել երկկողմ քաղաքական հարաբերություններ, եւ դա է այն բանի հիմնական պատճառը, որ այդ հարցում առաջխաղացում չկա: «Թուրքիան դեռեւս չի կարողանում հաղթահարել իր նեղ էթնիկական բնույթի մոտեցումը եւ առավել լայն մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային խնդիրներին»,-գտնում է Վ.Օսկանյանը: Նրա խոսքերով, այդպիսի հնարավորություն նա ունեցավ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո եւ երբ որ սկսվեցին բանակցությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու վերաբերյալ: «Առաջին դեպքում նա, հավանաբար, սխալվեց եւ կորցրեց հնարավորությունը, երկրորդ դեպքում` հնարավորություն դեռ կա: Ամեն դեպքում, դեռեւս ուշ չէ, եթե այնտեղ կարողանան արագ կողմնորոշվել, ուղղել նախկին սխալները եւ փորձել ստեղծել Հայաստանի հետ իրավահավասար, նորմալ հարաբերություններ»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: