25 դեկտեմբերի 2013 - 15:26 AMT
Փորձագետ. Նազարբաևի հայտարարությունը ՄՄ և Ղարաբաղի մասին գործնականում ոչինչ չի տալիս

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է հայտարարել է, որ միակողմանի կարգով ստանձնում է Մաքսային միության բոլոր պարտավորությունները, ինչը կբացառի Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության խնդիրները, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երեկվա հայտարարությունը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ելույթ ունենալով Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» հիմնականում համաձայնեցված է, այն կարելի է ընդունել: «Միևնույն ժամանակ բաց է մնում այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված որտեղ է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանում: Ուստի մենք մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, որը կշարադրվի»,-ասել է Նազարբաևը:

Ըստ Ալեքսանդրովի, ԼՂՀ-ն Հայաստանի մաս չի կազմում նույնիսկ հայկական օրենսդրության համաձայն, ուստի ոչ մի կերպ չի ստավցի ներառել ԼՂՀ-ն Մաքսային միության կազմում:

«ԼՂՀ-ն անկախ, թեև չճանաչված պետություն է: Նա ինքը պետք է Մաքսային միությանն անդամակցելու հայտ ներկայացնի: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է հայտարարել, որ միակողմանի կարգով ստանձնում է Մաքսային միության բոլոր պարտավորությունները և ձևակերպել դա օրենսդրորեն՝ համապատասխան ներքին օրենքներ ընդունելով: Այդ դեպքում Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության խնդիրներ չեն լինի»,-ասել է փորձագետը:

Նա հավելել է նաև, որ Նազարբաևը նման հայտարարություն արեց ցույց տալու համար, որ նրան մտահոգում է Ադրբեջանի դիրքորոշումը: «Թեև գործնականում այդ հայտարարությունը ոչինչ չի տալիս, քանի որ չի խոչընդոտում Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին»,-ասել է Ալեքսանդրովը:

Դեկտեմբերի 24-ին ստորագրվեցին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին որոշումն ու հայտարարությունը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, որն անցնում էր պետությունների ղեկավարների մակարդակով:

Ինչպես հայտարարեց, բացելով նիստը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2014 թվականի մարտի 1-ին պետք է ձևակերպվի Մաքսային միության շրջանակներում մնացող սահմանափակումների ցանկն ու որոշվեն դրանց վերացման կոնկրետ ժամկետները: Ըստ նրա, ինտեգրացիոն առավել մեծ արդյունք է նկատվում, որբ կոոպերացիան առավել խորն է ու ընդգրկում է բոլոր ոլորտները: Այդ դեպքում, վստահ է ՌԴ նախագահը, տնտեսական համակարգը առավել արդյունավետ կգործի:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: