27 դեկտեմբերի 2013 - 17:26 AMT
Սիրիական ընդդիմությունը Մոսկվա կժամանի 2014 թ. հունվարի 13-14-ին

Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի պատվիրակությունը մտադիր է այցելել Մոսկվա բանակցելու համար ՌԴ ԱԳՆ-ում 2014 թվականի հունվարի 13-ին և 14-ին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը: «Մոսկվա այցելության ամսաթիվը նախապես համաձայնեցվել է Ռուսաստանի ԱԳՆ հետ»,-ասել է Ջամուսը:

Նա հստակեցրել է, որ պատվիրակությունը կգլխավորի Ազգային կոալիցիայի առաջնորդը, որի ընտրությունները կկայանան հունվարի սկզբին Ստամբուլում՝ Սիրիայի ընդդիմադիր ուժերի համագումարում: Այժմ Ազգային կոալիցիան գլխավորում է Ահմեդ Ջարբան, որը կարող է վերընտրվել այդ պաշտոնում: «Մինչ ընտրությունները մենք չենք կարող հաստատ ասել, թե այցը կանցնի այդ ժամկետում: Պաշտոնապես մենք կհայտարարենք այդ մասին ընտրություններից հետո»,-նշել է Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղարը:

Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի որոշմամբ կկայանա հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրոյում: