27 դեկտեմբերի 2013 - 18:00 AMT
ԿԱՐԾԻՔ
Ադրբեջանը բողոքո՞ւմ է ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից

Ադրբեջանը պաշտոնապես բողոք է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերի գծով բաժնի վարիչ Ալի Հասանովը:

«Հայտնի է, որ ըստ ՄԱԿ, ԵԱՀԿ ու այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների համապատասխան բանաձևերի ու որոշումների, ամրագրվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի փաստը և պահանջ է ներկայացված ազատել տարածքները: Ուստի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կամ մեկ այլ նման կառույցի հնարավոր է միայն ադրբեջանական հողերն ազատելուց հետո»,-ասել է Հասանովը:

Միտումնավոր եմ մեջբերում Հասանովի խոսքերն ամբողջությամբ, որպեսզի հերթական անգամ համոզվենք, որ Բաքուն բոլոր միջոցներով խոչընդոտում է Հայաստանի ինետգրումը համաշխարհային հանրությանը: Իսկ Հասանովի խոսքերը փաստացի ապացուցում են այն, ինչ վաղուց էր հայտնի. Նուրսուլթան Նազարբաևը իր հայտարարություններն անում էր, ելնելով Բաքվի շահերից: Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհիդի նիստում, Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ պահանջում է բացատրել Մաքսային միության սահմանի հարցը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: «Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» հիմնականում համաձայնեցված է, կարծում եմ, այն կարելի է ընդունել: Միևնույն ժամանակ բաց է մնում այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված որտեղ է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանում»,-ասաց նա: Նմանատիպ դիրքորոշում ավելի վաղ հնչեցրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մինչդեռ Ալի Հասանովին ավելորդ չի լինի հիշեցնել, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ: Եվ այդ կազմակերպություններից ոչ մեկը պայման չի դրել երկրի անդամակցության ժամանակ ղարաբաղյան խնդրի լուծման առնչությամբ: Գուցե, պատճառն այն է, որ այնտեղ Ադրբեջանը չունի իր «Նուրսուլթան Նազարբաևին ու Ալեքսանդր Լուկաշենկոյին»: Ալի Հասանովն ու իր շեֆը չէ, որ պետք է որոշել, թե որ կազմակերպությանը պետք է անդամակցի Ադրբեջանն ու ինչ պայմաններով: Ուղղակի Ադրբեջանի համար լավ կլիներ այդքան աչքի չընկնել ու անհարմար վիճակի մեջ չդնել իրեն բարեկամ նախագահներին :

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net