28 դեկտեմբերի 2013 - 17:52 AMT
Այս շաբաթ ադրբեջանցիները հրադադարը խախտել են մոտ 220 անգամ

Դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 1300 կրակոց է արձակվել, ասվում է ՊԲ օպերատիվ տվյալներում:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի Զինված ուժերի հետ շփման գծում 2012 թվականի դեկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտվել է 914 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 170 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 6 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք:

Նոյեմբերին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 210 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 10 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք, մեկ անգամ՝ РПГ-7: Հոկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1050 անգամ, սեպտեմբերին՝ 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների և տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում: