Հունվարի 5-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցին սկսում է նշել Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության (Մկրտության) տոները, որը հինգ տաղավար տոներից է։ Նախկինում եկեղեցին Սուրբ ծննդյան ու Մկրտության տոները նշում էր միասին, բայց Արտեմոնը դեկտեմբերի 25-ը Տիրոջ Ծննդյան տոն հռչակեց, իսկ հունվարի 6-ը` Մկրտության:
Հնագույն ավանդությանն ու ավետարանական հաշվարկներին հավատարիմ մնաց միայն Հայ առաքելական սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոները։
Հայերը Սուրբ ծնունդն և Աստվածահայտնությունը սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան, երբ ժամը 17։00-ի ժամերգությունից հետո եկեղեցական օրը փոխվում է, շարունակում են տոնել հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ։ Այդ օրն երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, ինչն աստվածային լույս ու եկեղեցու օրհնություն է խորհրդանշում։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուսը։
Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան պատարագից հետո Ջրօրհնեքի արարողությունն է, որն էլ իր հերթին Հորդանանում Քրիստոսի մկրտությունն է խորհրդանշում։
Հունվարի 7-ը Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օրը։ Այդ օրն եկեղեցիներում պատարագին հաջորդում է հոգեհանգստյան արարողությունը։
Սուրբ ծննդյան տոնի միջոցառումներն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ, որը նվիրված է մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին։
Սուրբ Ծննդյան օրն իրար ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս» խոսքերով, որոնց պատասխանն է. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»: