7 հունվարի 2014 - 14:09 AMT
Հունվարի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնևում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, հավանաբար, կհանդիպեն հունվարի վերջին, հայտնել է դիվանագիտական աղբյուրը, գրում է Turan-ը։ Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհավաքվեն Ժնևում, որտեղ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալտերի հետ կքննարկեն հանդիպման ֆորմատը։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ փետրվարից ոչ շուտ, ամեն ինչ կախված կլինի հանդիպման օրակարգի պատրաստվածությունից, տեղեկացրել է աղբյուրը։

Դեկտեմբերի 15-ից՝ 19-ը տարածաշրջան այցի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեկտեմբերի վերջին հայտարարություն էին տարածել, որտեղ «կողմերին կոչ էին անում ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կբարձրացնեն լարվածությունը, ու աշխատել բանակցությունների սեղանի շուրջ առաջընթացի մթնոլորտի պահպանման ուղղությամբ»։ Համանախագահները «մտահոգություն էին հայտնել վերջերս շփման գծում բռնությունների վերաբերյալ, որոնք խաթարում են խաղաղության հասնելու հեռանկարները»։ Համանախաագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան),Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել էին Հայաստանի, ԼՂՀ ու Ադրբեջանի նախագահներին։

Երևանում, Ստեփանակերտում ու Բաքվում հանդիպումների ընթացքում քննարկվել էին նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման կոնտեքստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացը, ինչպես նաև դեկտեմբերի 4-ին Կիևում երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները։