20 ապրիլի 2006 - 15:17 AMT
Թուրքական եւ ադրբեջանական մամուլի հայտարարություններին պետք է զուսպ մոտենալ
«Տեղեկություններն այն մասին, թե իբր Բաքուն մի քանի օրվա ընթացքում հարձակման կանցնի Հայաստանի դեմ դժվար թե համապատասխանեն ճշմարտությանը: Ես չեմ կարծում, որ այն տարածել են լուրջ մարդիկ»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին առ այն, որ «պաշտոնական Բաքուն արդեն որոշում է կայացրել Հայաստանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ»: Ըստ Օսկանյանի, թուրքական եւ ադրբեջանական մամուլի բոլոր հայտարարություններին պետք է զուսպ մոտենալ: «Ես չեմ կարծում, որ այդ տեղեկատվությունն արժանի է ուշադրության»,-ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական «Մեդիա Ֆորում» թերթը, հղում անելով www.hurhaber.com թուրքական կայքին, տեղեկություններ է տարածել, թե «Ադրբեջանի բանակը մի քանի օրվա ընթացքում հարձակման կանցնի Հայաստանի դեմ»: Կայքը հաղորդում է, որ «տեղեկատվությունը ստացվել է դիվանագիտական աղբյուրներից»: Ըստ կայքի, «Ադրբեջանի կառավարությունը լրջորեն նախապատրաստվել է Ղարաբաղի ազատագրմանը եւ պաշտոնական Բաքուն արդեն իսկ որոշում է կայացրել պատերազմ սկսելու մասին»: