9 հունվարի 2014 - 16:05 AMT
Ո՞ւմ լուսանկարն են տարածում սիրիացի ակտիվիստները՝ ներկայացնելով նրան որպես սպանված հայ երիտասարդ

Սիրիահայ երիտասարդի սպանության մասին արաբալեզու կայքերի վարկածներից մեկի համաձայն, Մինաս անունով երիտասարդին «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները սպանել են Հալեպի իրենց կողմից վերահսկվող բանտերից մեկում իսլամ ընդունելուց հրաժարվելու համար:

Սիրիացի ակտիվիստներն իրենց հերթին տարածել են երիտասարդի լուսանկարը, ենթադրվում է, որ նա ազգությամբ հայ է, որը զոհվել է Հալեպի բանտերից մեկում:

Լուսանկարում մի երիտասարդ, ով կրում է Հալեպի Հայ Ավետարանչական եկեղեցու լոգոտիպով բաճկոն: «Սա ոմն Մինասն է, որը որոշ տվյալների համաձայն, Սիրիա է ժամանել Լիբանանից և 115 օր անցկացրել է Դաաշի բանտում»,-ասվում է iNews-ի ֆեյսբուքյան էջում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին ասացին Բեյրութի հայկական համայնքում, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում ու այժմ ստուգում են, թե ով կարող էր նման լուր տարածել:

Սիրիայում արդեն 2 տարուց ավելի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Երկուս ու կես տարում Սիրիայում 66 հայ է զոհվել: Սիրիահայերը բնակվում են հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պատերազմից առաջ հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, հինգ հազարը՝ Լիբանանում: