10 հունվարի 2014 - 13:43 AMT
Առաջիկա կես տարում ԵՄ-ին Արևելյան գործընկերությունն առանձնապես չի հետաքրքրի

Հունաստանի նախագահության ժամանակ Եվրամիությունը կկենտրոնանա հարավային ուղղության վրա: Հունաստանը ստանձնեց նախագահությունը ընթացիկ տարվա հունվարից: 2014 թվականի երկրորդ կեսին նրան կփոխարինի Իտալիան:

Հունաստանը մտադիր է փոխել Եվրոպական հարևանության քաղաքականության ուղղվածությունն արևելքից դեպի հարավ, հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսը:

Հունվարի 8-ին Հունաստանը ստանձնեց իր պարտավորությունները կես տարով: Հունաստանն արդեն հինգերորդ անգամ է նախագահում Եվրամիությունում: Նրա գերակայությունները վեցամսյա նախագահության ընթացքում կլինեն տնտեսական աճը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ԵՄ և եվրոյի գոտու երկրների հետագա ինտեգրումը, միգրացիան և սահմանային հսկումը, ինչպես նաև ԵՄ ծովային քաղաքականությունը: Ազգային մակարդակով Հունաստանը կաշխատի շրջադարձ կատարել դեպի երկրի ֆինանսապես կայուն, մրցունակ ու սոցիալապես պաշտպանված վիճակ:

Հունաստանի ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ հարավային հարևանությունը շատ կարևոր է Հունաստանի համար, ինչպես նաև մյուս երկրների: Ըստ նրա, Լիտվան, որի նախագահությունն ավարտվեց, կենտրոնացել էր Արևելյան գործընկերության վրա, սակայն Հունաստանը նախապատվությունը տալիս է հարավյին ուղղությանը: Հարավային ասելով, նկատի ունեն Ալժիրը, Մարոկկոն, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Լիբիան, Պաղեստինը, Սիրիան ու Թունիսը:

Ինչպես հայտնում է Kyiv Post-ը, հունական լրատվական ANA-MPA գործակալությանը տված հարցազրույցում Վենիզելոսը նշել է ինտեգրման բարձր մակարդակը, որին Հունաստանը հասել է Եգիպտոսի հետ: Ըստ նախարարի, նման համագործակցությունը միանգամայն օգտակար է Միջերկրական տարածաշրջանի համար:

Նախորդ տարվա երկրորդ կեսին ԵՄ-ում Լիտվայի նախագահության օրոք շեշտադրվեց մերձեցումն արևելյան հարևանության վեց երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի հետ:

Լիտվայի նախագահության գագաթնակետը դարձավ Արևելյան գործընկերության գագաթաժողովը Վիլնյուսում, որն ամփոփեց եվրոպական հարևանության առաջին տասնամյակի քաղաքականությունը: Գագաթաժողովի հիմնական նվաճումն ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումն էր Վրաստանի ու Մոլդովայի հետ, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացումն Ադրբեջանի հետ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: