11 հունվարի 2014 - 11:29 AMT
Իրանն ու «վեցնյակը» համաձայնության են եկել Ժնևի պայմանավորվածությունների շուրջ

Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին և ԵՄ արտաքին քաղաքականության գերտեսչության փոխղեկավար Հելգա Շմիդտը ուրբաթ օրը համաձայնության են եկել նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հիմնական հարցերի շուրջ, հայտնում է Reuters գործակալությունը: Այժմ Իրանի և եվրոպական դիվանագիտության պատվիրակության ներկայացուցիչները խորհրդակցություններ կանցկացնեն իրենց երկրների ղեկավարության հետ:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: