20 ապրիլի 2006 - 19:40 AMT
Lեհաստանում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվելու
Ապրիլի 23-ին Լեհաստանի Հայկական երիտասարդական միությունը, Վարշավայի հայկական կազմակերպությունների հետ համատեղ, կնշի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցը: Միջոցառմանը մասնակցելու են Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, հայտնի դերասաններ, պատմաբաններ, քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ: Ծրագիրը ներառում է լուռ երթ մինչեւ Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ, հանդիպում Վարշավայի ազգագրական թանգարանում, որի ընթացքում ելույթ կունենան Լեհաստանի կառավարությունում հայկական փոքրամասնության ներկայացուցիչ Մ. Պողոսյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, հայ-լեհական միության նախագահ Ռաֆաել Ամիրյանը: Բացի այդ, հանդիպման ընթացքում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվելու: Լեհաստանի հայկական համայնքի հոգեւոր հովիվներ Տադեուշ Իսահակ-Զալենսկին եւ Արթուր Ավդալյանը Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար պատարագ կանցկացնեն: