15 հունվարի 2014 - 17:12 AMT
Քուվեյթը 500 մլն դոլար կհատկացնի Սիրիային հումանիտար օգնության համար

Քուվեյթի շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հայտարարել է, որ 500 մլր դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, գրում է Reuters-ը:

Այդ մասին նա հայտարարել է Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը: Ըստ նրա, սիրիացիները հումանիտար աղետ են ապրում և միջազգային հանրությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել թեթևացնելու համար նրանց տառապանքները:

Ըստ ՄԱԿ տվյալների, 2014 թ. դրությամբ Սիրիայից փախստականների և ներքին տեղահանված անձանց թիվը հասնում է 13,4 միլիոնի:

Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային խորհրդաժողով գումարելու նախաձեռնությամբ ավելի վաղ Քուվեյթին էր դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ըստ նրա, հումանիտար իրավիճակը Սիրիայում շարունակում է վատթարանալ, գնալով ավելի շատ բնակիչներ են փախստական դառնում ու օգնության կարիք զգում:

Սիրիայի գծով դոնորների առաջին խորհրդաժողովը տեղի ունեցավ Քուվեյթում 2013 թ. հունվարին: Այն ժամանակ Սիրիայի ժողովրդի կարիքների համար հավաքվեց շուրջ 1,5 մլրդ դոլար: