15 հունվարի 2014 - 17:19 AMT
Հայտնի թուրք իրավապաշտպանը 2 տարի Շվեդիայում կապրի

Հայտնի թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուն 2 տարի Շվեդիայում կապրի «Փախստականների միջազգային քաղաքներ» (International cities of refuge Network) կազմակերպության հրավերով: Ինչպես հայտնում է Firat գործակալությունը, Զարաքոլուն հրավերը ստացել է միջազգային Փեն ակումբից և ապրելու է Սիգտունա քաղաքում:

2011 թ. հայտնի հասարակական գործիչ ու «Բելգե» հրատարակչության խմբագիր Ռագիփ Զարաքոլուն ձերբակալվել էր թուրք իրավապահների կողմից հակաահաբեկչական գործողության արդյունքում: Նրան մեղադրում էին քրդական հակակառավարական կազմակերպություններին սատարելու մեջ: 7 ամսվա կալանքից հետո նա ազատ արձակվեց:

Ռագիփ Զարաքոլուն հայտնի է ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայում ապրող փոքրամասնությունների իրավապաշտպան գործունեությամբ:

Վերջին անգամ Զարաքոլուն Երևանում էր 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատեսների վկայությունները» գրքի շնորհանդեսին, որը հրատարակվել է թուրքերեն լեզվով: